ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ինը ոսկե, չորս արծաթե, վեց բրոնզե մեդալ` գումարած աշխարհի երկու ռեկորդ

Ինը ոսկե, չորս արծաթե, վեց բրոնզե մեդալ` գումարած աշխարհի երկու ռեկորդ
07.09.2012 | 00:16

Սեպտեմբերի 2-ին Բուխարեստում ավարտվեց տասնյոթ տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունը: ՈՒնենալով ինը պատվիրակ (երկու աղջիկ, յոթ պատանյակ)` հայ ծանրորդներից յոթը տուն վերադարձան մեդալներով, որոնցում գերակշռողն ազնիվ մետաղներից ձուլվածներն էին: Սա հայկական ծանրամարտի ծանրակշիռ հաղթանակն էր միջազգային մրցասպարեզում, որը եկավ մասամբ սրբագրելու լոնդոնյան օլիմպիադային մասնակցած մեր ծանրորդների մրցելույթի տխուր տպավորությունը:

56-ում հաջողությամբ իրացնելով պոկում վարժության երեք մոտեցումները` Գևորգ Սարիբեկյանը Հայաստանին բերեց առաջին փոքր ոսկին` ցույց տալով 103 կգ արդյունք: Հրում վարժությունում մեր պատանյակի առաջին իսկ մոտեցումը 115 կգ կշռող ծանրաձողին հավաքականի համար երկամարտում արդեն իսկ ապահովեց մեծ արծաթ ու ավելի մեծ հավակնությունների նախադրյալներ ստեղծեց, սակայն իտալացի Միրկո Սկարանտինոն հնարավորությունը ձեռքից բաց չթողեց: Մեկ ոսկով ու մեկ արծաթով մեր ընտրանին սկսեց իր բեմելը եվրոպական մրցասպարեզում: Սա հրաշալի սկիզբ էր, խոստովանենք, չպլանավորված սկիզբ ու չէր կարող դրական ազդեցություն չթողնել մեր մյուս մարզիկների մրցելույթի վրա, մանավանդ որ, ի դեմս մեր երկու առաջատարներ Վարդան Միլիտոսյանի ու Անդրանիկ Կարապետյանի, առաջնություն էինք գնացել երկամարտի երկու մեծ ոսկե մեդալի, քաշային այլ կարգերում բավականին հավակնոտ ծրագրերով ու ախորժակով:
Հաջորդ, ավելի խոշոր անակնկալի հեղինակ դարձավ գյումրեցի Ժորժ Եղիկյանը. պոկում վարժությունը նրան բերեց փոքր արծաթ: Այստեղ փայլեց վրացի Իրակլի Գաբրիչիձեն` 117 կիլոգրամով տիրանալով փոքր ոսկուն ու չորս, իսկ եթե հաշվի առնենք նաև անձնական քաշի պարագան, ամբողջ հինգ կիլոգրամով առաջ անցնելով մեր մարզիկից: Սակայն, ինչպես ցույց տվեց պայքարի ընթացքը, ամեն ինչ դեռ առջևում էր: Հրումում սանձահարելով 134 կիլոգրամը` գյումրեցի տասնվեցամյա պատանին նախ ապահովեց երկամարտի արծաթե մեդալը, ապա անցավ բուն գործին: 132 կիլոգրամից հետո վրացի մարզիկի համար անհասանելի եղավ 137-ը, իսկ 138 կիլոգրամ կշռող ծանրաձողը Ժորժ Եղիկյանի համար նշանակեց չեմպիոնական տիտղոս: Իհարկե, երրորդ մոտեցման 145-ը շատ ավելի տպավորիչ կդարձներ նրա գերազանցությունը հիմնական մրցակցի նկատմամբ, սակայն բուն անելիքն արդեն արված էր, ուստի ներողամիտ լինենք մարզիկի վրիպման հանդեպ: Այստեղ ավելորդ չհամարենք նկատել, որ Ժորժի երկամարտի ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի համար բնավ էլ առաջինը չէր: Նախօրեին 53 կգ քաշային կարգում հանդես եկած Իզաբելա Յայլյանն արդեն բացել էր չեմպիոնության տանող ճանապարհը` այն «համեմելով» պոկումի ոսկով ու հրումի արծաթով (177=80+97):
62 կգ քաշայիններից հետո մեզ տհաճ անակնկալ էր սպասում 69-ում: Ասում ենք տհաճ, որովհետև Վարդան Միլիտոսյանը պարտավոր էր բերել իրեն հասանելիք ոսկին: Սակայն եթե երկու վարժությունների ոսկին ու բրոնզը նրան բերեցին երկամարտի արծաթ (293=133+160) , բելառուս Արտյոմ Շահաուն նմանատիպ կոմբինացիայով ձեռք գցեց մեծ ոսկին (294=130+164): Ցավով պիտի փաստենք, որ գյումրեցի ծանրորդը հերթական անգամ բաց թողեց չեմպիոն դառնալու հնարավորությունը, մինչդեռ այն նրա ռեալ ուժերի սահմանում է: Հուսանք, որ սա նրա վերջին ձախողումն էր:
Սկզբունքորեն դժվար էր հավատալ, որ կարող էր գտնվել գեթ մեկ մրցակից, ով ի զորու կլիներ քիչ թե շատ լուրջ դիմադրություն ցույց տալու 77 կգ քաշային կարգում հայտավորված Անդրանիկ Կարապետյանին: Հայթաղցի այս պատանյակը, ում տասնյոթը կլրանա միայն հոկտեմբերին, գյումրեցի Գոռ Մինասյանի պես հայկական ծանրամարտի ծագող աստղն է, գոնե եվրոպական հարթակում մրցակից չունեցող մարզիկ: Այս փոքրիկ նախաբանից հետո անցնենք նրա մրցելույթին: Երկու վարժությունում էլ մեր հրաշամանուկը, ով, ի դեպ, միանգամայն օրինաչափորեն ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ, մրցահարթակ էր ելնում լոկ այնժամ, երբ մրցակիցներն ավարտած էին լինում ելույթները: Երկամարտում Անդրանիկի ցույց տված 330-ը (154+176) ամբողջ քսանութ կիլոգրամով ավելի էր երկրորդ տեղը գրաված ռուս Արտյոմ Լեֆլերի ցույց տված արդյունքից: Ավելին, այն տասնմեկ կիլոգրամով գերազանցում է նաև 85 կգ քաշային կարգում հաղթած Իգոր Կոնոտոպի արդյունքը: Մրցակցեր Անդրանիկը 94 կգ կշռող քաշայինների հետ, այդ նույն 330 կիլոգրամով կդառնար բրոնզե մեդալակիր: Այս համեմատություններն անում ենք նրա համար, որ ընթերցողը շոշափելիորեն զգա, թե ինչ տրամաչափի մարզիկ ունենք` ի դեմս այս դյուցազնի։ Խոշոր բարեբախտություն պիտի համարենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդիկ Կիզողյանը չգնաց մարզիկի քաշը գցելու ճանապարհով ու չկրկնեց երիտասարդական հավաքականի մարզչի սխալը:
Քաշային այս կարգում մեր մարզիկի փառահեղ ելույթի մասին խոսքն ավարտելուց առաջ ասենք, որ նա թարմացրեց Վլադիմիր Սեդովին պատկանող ու արդեն յոթ տարվա հնություն ունեցող աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներն ինչպես երկամարտում, այնպես էլ պոկում վարժությունում: ՈՒրախությամբ պիտի փաստենք, որ Անդրանիկի ելույթից հետո աշխարհի ու աշխարհամասի ռեկորդների աղյուսակում 77 կգ քաշային կարգում բացառապես հայերի ազգանուն է գրված (հրում վարժությունում ռեկորդը պատկանում է Աղվան Մելիքյանին):
85-ում մեր ներկայացուցիչը Ռուբիկ Կարապետյանն էր: Արդյունավետ օգտագործելով ընդամենը երեք մոտեցում` Հայաստանի ընթացիկ տարվա պատանեկան առաջնության հաղթողը երկամարտի 298 (130+168) կիլոգրամով հայտնվեց չորրորդ հորիզոնականում: Կրկներ մեր պատանին երկրի առաջնությունում ցույց տված 304 կիլոգրամը, դարձյալ անմասն կմնար մեդալներից, որովհետև բրոնզի համար, միևնույն է, դարձյալ ևս երեք կիլոգրամ էր պետք, էլ չենք խոսում հաղթողի ցույց տված 319 կիլոգրամից: Սակայն հարկ է նշել, որ մեր տղան մասնակցում էր անձնական քաշի 79,2 կիլոգրամի պայմաններում, ինչն անհամեմատ ավելի մոտ է մի կարգ թեթև քաշային կարգին, քան 85-ին: Քանի որ տեղեկացված չենք մանրամասներից, ասենք այսպես` այսպիսին է եղել մարզիչների որոշումը, և նրանց համար իրականությունը, երևի թե, շատ ավելի տեսանելի է եղել կամ էլ այդպես են պարտադրել հանգամանքները: Թերևս այստեղ միջանկյալ նշենք, որ Հայաստանի պատվիրակներից Ռուբիկ Կարապետյանի պես առանց մեդալի է վերադառնում նաև Արևիկ Պապիկյանը: Նա 69 կգ քաշային կարգում գրավել է իններորդ տեղը:
94-ում Հայաստանը ներկայացնում էր էջմիածինցի Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժության երեք հաջող մոտեցումները, ի վերջո, մեր պատանյակին հնարավորություն տվեցին կանգնելու 148 կիլոգրամի վրա, ինչը վարժությունում երաշխավորված փոքր բրոնզ էր: Բարձրացրած քաշը նշանակում էր վստահաբար նայել մեծ բրոնզին, քանզի ռուս Վիտալի Բիտյուցկու հրում վարժության առաջին մոտեցման 161-ի դիմաց Սիմոնն ուներ պատվիրած 170: Երկուսն էլ հաջողությամբ հաղթահարեցին առաջին արգելքը, սակայն ռուսը փորձեց ու երրորդ մոտեցմամբ սանձահարեց 172-ն ու անցավ առաջ: Հետևեց մեր մարզիկի երկրորդ մոտեցումը, ու 173 կգ կշռող ծանրաձողը բերեց ինչպես վարժության, այնպես էլ երկամարտի ցանկալի բրոնզե մեդալները: Սա անվիճելիորեն նվաճում պիտի համարել տասնհինգամյա մարզիկի համար, ով հաշված ամիսներ առաջ Հայաստանի մինչև 20 տարեկանների առաջնությունում երկամարտում ունեցել էր 300 կիլոգրամ արդյունք: Այսուհետ նրա համար սահմանային է երկամարտի 321 կիլոգրամը: Ինչպես տեսնում ենք, աճն ավելի քան ակնհայտ է:
Գերծանրքաշային Միշա Վարդանյանը պոկում վարժությունում արդյունավետ օգտագործեց միայն առաջին մոտեցումը` 145 կգ, և հինգերորդ դիրքից ներքաշվեց հետագա պայքարին: Այստեղ իրենց համար փայլուն հիմքեր էին ստեղծել բելառուս Ալյաքսեյ Մժաչիկն ու ռուս Անտոնի Սավչուկը` գրանցելով համապատասխանաբար 164 և 165 կգ արդյունք: Երրորդը Բելառուսի մեկ այլ ներկայացուցիչ էր` Մաքսիմ Բոհդանը` 150 կիլոգրամով: Հրում վարժությունում հավաքականի գլխավոր մարզիչ Էդիկ Կիզողյանին այլևս ոչինչ չէր մնում, եթե ոչ սպասել, թե Բոհդանը սահմանային ինչ քաշի վրա կկանգնի, որ ըստ այդմ կառուցվեր մարտավարությունը: Նախնական պատվերը փոխվեց, 180-ը դարձավ 190: Մոռանալով, որ քաշ փոխելուց հետո պիտի կարողանալ նաև այն բարձրացնել, նույնն արեց նաև ազերի Ազար Մահմադլին: Արդյունքում ստացվեց հետևյալը` Բոհդանի համար սահմանային մնաց 181-ը, ազերին գնաց գրոհելու 187-ն ու երեք մոտեցումն էլ ձախողեց` առհասարակ դուրս մնալով պայքարից, իսկ մեր մարզիկը, գլխավերևում պահելով 188 կգ կշռող ծանրաձողը, արժանացավ թե՛ վարժության, թե՛ երկամարտի բրոնզե մեդալին (333=145+188):
Ահա այսպիսի վերջաբան ունեցավ Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանն ունեցավ երեք ոսկե, երկու արծաթե, երկու բրոնզե մեդալ: Սրանք` երկամարտի հաշվարկով: Իսկ եթե հաշվենք նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները, պատկերը կլինի հետևյալը` ինը ոսկե, չորս արծաթե, վեց բրոնզե մեդալ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գերազանց մրցելույթ:

Հ. Գ.- Ի դեպ, Բուխարեստի եվրոպականում միայն այսքանով չսահմանափակվեցին հայազգի ծանրորդները: Հարկ է հիշատակել նաև Անի Սարգսյանին: Հանդես գալով 63 կգ քաշային կարգում` մեր հայրենակցուհին Ռուսաստանի հավաքականին պարգևեց երեք արծաթե մեդալ: Երկամարտում նա ցույց է տվել 188 (80+108) կգ արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ